Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Թե զոհողությունների դիմաց ինչ ենք ստանում, արդեն պարզ է՝ ամբողջապես ոչինչ, մինուս զրո»

«Թե զոհողությունների դիմաց ինչ ենք ստանում, արդեն պարզ է՝ ամբողջապես ոչինչ, մինուս զրո»
28.11.2014 | 00:38

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ:

-Ադրբեջանական զինուժի խոցած հայկական ուղղաթիռի առնչությամբ միջազգային կառույցների, Մինսկի խմբի արձագանքը, ինչպես միշտ, հավասարության նշան դրեց «կողմերի»` Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս պարագայում արդյոք Հայաստանի պատասխանը չպե՞տք է կոշտ լիներ:
-Ինչպես տեսանք, հայկական ուղղաթիռի կործանման վերաբերյալ միջազգային շրջանակների համարյա բոլոր արձագանքները, ըստ էության, նույնաբնույթ գնահատականներ և հորդորներ էին պարունակում, որպիսիք բազմիցս կրկնվել են անցած ավելի քան քսան տարում: Փաստորեն, դրանով միջազգային այդ շրջանակները քաջալերում են կողմերին` շարունակել «իրար կծոտել, բայց չհոշոտել» գործելակերպը և ամեն գնով պահել-պահպանել «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրադրությունը: Այդ տրամաբանությամբ սա նշանակում է, որ հայկական կողմի ձեռքերը ևս ազատ են պատասխան պատժիչ գործողություններ իրագործելու համար: Ես նախ կարծում եմ, որ այդ պատժիչ գործողությունը պարտադիր է (զոհված օդաչուների մասունքների վերադարձի հերոսական գործողությունը չեմ համարում պատժամիջոց, դա մեր պարտքն էր զոհվածների և նրանց հարազատների հանդեպ), բայց միաժամանակ այդ գործում ճիշտ չեմ համարում շտապողականությունը: Պատասխանը չպետք է դիտարկվի որպես վրիժառության ակտ կամ կատարվածին համարժեք մի գործողություն, այլ Ադրբեջանի ռազմաքաղաքական շահերին առնչվող որևէ ոլորտին հասցված զգայուն, հնչեղ և դաժան հարված: Դժբախտաբար, մենք այլ կերպ գործելու տարբերակ չունենք, մեր հակառակորդի համար միմիայն այդ լեզուն է հասկանալի: Ես սա ասում եմ որպես հայ-ադրբեջանական պատերազմի բնույթին քաջածանոթ մարդ: Անտարակույս, այսպիսի գործողության հաջող իրականացումից հետո ադրբեջանցիները նորից ողբ ու կական կբարձրացնեն, բայց չեմ կարծում, որ դա կազդի միջազգային քաղաքական շրջանակների վարքագծի վրա: Քաղաքականությունը հանուն Թեմիսի հազվադեպ է Ռուբիկոնը անցնում:
Անտարակույս, վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կոպիտ խախտումների նկատմամբ միջազգային շրջանակների հանդուրժողականության սահմանի ընդլայնումը պայմանավորված է Հարավային Կովկասին անմիջականորեն հարող լայնածավալ այլ տարածաշրջաններում տարաբնույթ շահերի կոշտ բախումների հավանականության մեծացմամբ: Այդ տարածաշրջաններում հայտնվել են նոր ակտիվ գործոններ՝ ի դեմս Իրանի «բացման», Ռուսաստանի շահերի թելադրանքի ոլորտից ՈՒկրաինայի դուրս գալուն, իսլամական սշխարհի նորանոր խմորումների, Պաղեստինի և Քրդստանի անկախ պետականություն ստեղծելու նոր ճիգերի և այլն: Արտաքուստ հանդարտ թվացող հյուսիսային Կենտրոնական Ասիայում ևս առկա է «նոր» երևույթների առաջացում, որը պայմանավորված է ԽՍՀՄ-ի ժամանակ այդ տարածաշրջանի երկրների կամայականորեն ձևավորված սահմանների վերանայման ձգտումներով, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի շահերի բախման գոտի դառնալու վտանգավոր հեռանկարով և այլն: Ակնհայտորեն նվազում է միայն իր և թյուրքալեզու պետությունների շահերով միջազգային գործունեություն վարել փորձող Թուրքիայի պոչից կախված և Ռուսաստանի հետ սիլի-բիլի անող Ադրբեջանի քաղաքական դերը Արևմուտքի համար: Համաշխարհային շուկայում նորանոր վառելիքային աղբյուրների և նյութերի (թերթաքարային նավթ ու գազ, բիովառելիքի տարատեսակներ, ջրածնային էներգետիկա) մուտքը շուտով ակնհայտորեն էլ ավելի է նվազեցնելու Ադրբեջանի քաղաքական արժեքը միջազգային շահերի ոլորտում: Այս իրողությունների հաստատմանը զուգընթաց, Ռուսաստանը պուտինյան վարչախմբի օրոք վերջնականապես ձեռք քաշեց համայնավարական-ինտերնացիոնալիստական գաղութատիրությունից և իր գաղութատիրությունը փորձում է ներկայումս ստեղծել ցարիզմի և նացիզմի գաղափարաբանական խառնուրդի մարմնավորման հենքի վրա, իհարկե՝ «նոր փաթեթավորմամբ»: Ահա այս ֆոնի վրա, ի տարբերություն անցած տարիների, ղարաբաղյան հակամարտությունը երկկողմ տեղական հակամարտությունից ներկայումս վերածվում է միջազգային հակադրության օբյեկտի, որի ուժային լուծման փորձն իսկ կարող է դոմինոյի էֆեկտի դեր ունենալ շրջակա տարածաշրջանների ապակայունացման գործում: Մյուս կողմից` Ադրբեջանի պատերազմ սկսելու հավակնությունն առաջիկայում գնալով թուլանալու է այդ երկրում և շրջապատում առաջացող նոր իրողությունների պատճառով: Չպետք է նաև բացառել Ադրբեջանում քաղաքացիական բախումների բռնկումը՝ երկրում աշխարհիկ կարգերի պաշտպանության հարցով: Հայաստանի շահերի տեսանկյունից այս իրողությունների առաջացմանը դրական կամ բացասական գնահատական տալը ներկայումս ժամանակավրեպ զբաղմունք կլինի, դա հավանաբար կպարզվի առաջիկա մեկ-երկու տարում:
-Սահմանային լարվածությանը զուգահեռ երկրում ևս խաղաղ չէ: Ոչիշխանությունը խոստացավ գնալ մինչև վերջ, սակայն կարճ ժամանակ անց տարաձայնություններ եղան, և ԲՀԿ-ն գրեթե բաց տեքստով ասաց` եթե ՀԱԿ-ն ուզում է, թող հանրահավաքներ անի: Դրանով կասկածի տակ դնելով ՀԱԿ-ի ներուժը: Այսքանից հետո, երբ անգամ ոչիշխանությունում միակարծություն չկա, ինչպե՞ս պիտի ժողովուրդը վստահություն ունենա այս միավորման հանդեպ:
-Տարիներ շարունակ մեր երկրում առկա տարաբնույթ հասարակական-քաղաքական վայրիվերումներից անկախ, այսօր ՀԱԿ-ը Հայաստանում մնում է միակ ուժը, որն իր քաղաքական գործունեության առանցքը դարձրել է ո՛չ թե իր կուսակցական, այլ երկրի և ժողովրդի շահերի պաշտպանությունը, որի անդամները և հարողները ոչ թե անձնական շահերով կամ ավանդական գաղափարախոսական տխմարամտությամբ են հավաքվել նրա դրոշի տակ, այլ գիտակցված և արժևորված նախընտրությամբ: Սա՝ ի դեպ: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «ոչիշխանական» խորհրդարանական ուժերի համագործակցությանը, ապա մեծ խելք պետք չէ` հասկանալու, որ առավել մեծ ֆինանսական և այլ ռեսուրսներ ունեցողը վաղ, թե ուշ դա զգացնելու է և փորձելու է այդ համագործակցությունը ծառայեցնել իր շահերին ու նպատակներին: Միաժամանակ այդ ուժի զգուշավոր և «յուրօրինակ» ամբոխավարական քաղաքականությունը, որը կախվածության մեջ է դրված «ես կորցնելու բան չունեմ»-ի կարգի կասկածելի հավաստիացումների կրկնողություններից, այս օրերին դարձել է այն գլխավոր խոչընդոտը, որը ձախողում է երկրի արմատական շահերի թելադրանքի իրագործումը՝ Հայաստանում շտապ իշխանափոխություն կատարելը, այն, որի հաջող իրականացման համարյա բոլոր պայմանները ներկայումս առկա են: Բայց «պարզվում» է, որ դրան խանգարում է սովորաբար ընթացիկ գործ համարվող տեղական շտաբների թվի «պակասի» լրացումը: Թե այս, մեղմ ասած, քաղաքականորեն անմեղսունակ գործելակերպն ինչքանով կապ ունի դեռ թույլ երևակվող այն նախանշանների հետ, որոնք չեն բացառում իշխանափոխության խնդրի անցումը մի այլ՝ էլ ավելի վտանգավոր և ժողովրդի շահերին չհամապատասխանող հարթություն, դեռ այնքան էլ պարզ չէ: Ինչևէ, արձանագրենք, որ այդ քաղաքական ուժն այսօր կոպիտ քաղաքական սխալ է թույլ տալիս, եթե, իհարկե, դա միայն «սխալ» է: Անձամբ ես երբեք չեմ հավատացել Հայաստանում իշխող կլանային սարդոստայնից ինքնակամ դուրս գալու դրա անդամներից որևէ մեկի գործնական կարողությանը: Բազմաբնույթ քաղաքական վտանգավոր և հաճախ դավաճանական որոշումներ կայացնելու այս օրերին տրոյական ձիու քստմնելի դերը ստանձնողը պատմության առջև ծանր պատասխանատվություն է վերցնում իր վրա:
-Ոչ վաղ անցյալում Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթներից մեկում Գագիկ Ծառուկյանին «բոմժի» կարգավիճակ կանխատեսեց, մեկ այլ անգամ էլ նրան դիմեց հայտնի մականունով: Բայց այսօր Տեր-Պետրոսյանը ցանկանում է իշխանությունից «սերված» Գագիկ Ծառուկյանի հետ նոր Հայաստան կառուցել: Ասել է` հիշյալ պիտակավորումներից հետո հիմա ազգի «փրկչի» կերպա՞ր է կերտում:
-Նախ, բոլոր լրագրողներին խնդրելով խնդրում եմ՝ ձեռք քաշեք «ազգի փրկիչ» բառակապակցությունից: Աշխարհը շատ առաջ է գնացել այն օրերից, երբ Սիոն բլրակի վրա կանգնած Մովսես մարգարեն Աստծուց ստացավ տասը պատվիրանները, թե գնա, սրանցով կառավարիր մարդկանց: Կամ նույնիսկ այն օրերից, երբ Մեծ Հարթության Չիբխաքարի Կարմիր ժայռին կանգնած հնդկացիների հզորազոր Աստվածը՝ Գիթչի-Մանիթոն, ավետեց ժողովրդին, թե ուղարկելու է նրանց «մի մարգարե, մի փրկարար ժողովրդի», որ նրանց «կրթի ու առաջնորդի»: Եվ ապա, պետք է վերջապես հասկանալ՝ քաղաքականությունն ու մարդկային հարաբերությունները տարբեր տրամաբանություններ ունեն: Քաղաքականությունը միայն շահն է, որը դրսի համար պահանջում է գեղեցիկ փաթեթավորում՝ ի դեմս «բարեկամության», «դաշնակցի» «օգնության», «ընդառաջման», «փոխշահավետության» և այլն: Մարդկային հարաբերություններում շահին զուգորդվում կամ հակադրվում են արդարությունն ու բարոյականությունը: Կներեք այս հիշեցման համար: Եվ չի կարելի հարթակի ամբիոն հրավիրելու ձեռքի հպումով մի սովորական հորդորի տեսարանը դարձնել քաղաքական շահարկումների նյութ՝ «ազգի փրկչի կերտման» և հեռու տանող այլ «եզրահանգումների» թեմայով:
-Այսուհանդերձ, Դուք գեղեցիկ շրջանցեցիք, թե ինչու առաջին նախագահը Գագիկ Ծառուկյանի հետ այսօր նույն հարթակում է կանգնած: Ինչևէ: Անկախ Հայաստանի ընդդիմադիր շարժումները երբեք չեն հաջողել: Ո՞րն է հիմնական պատճառը, ըստ Ձեզ:
-Նախ` ուզում եմ շեշտել, որ իշխանությանն ընդդիմադիր լինելու մասին այս կամ այն քաղաքական ուժի հայտարարությունը չափանիշ չէ այն բանի, թե այդ ուժը արդար ու ժողովրդաշահ նպատակներ է հետապնդում: Անկախ Հայաստանի պարագայում դրա ապացույցները, ի դեմս ՀՅԴ-ի, «Ազգային միաբանության», «Օրինաց երկրի» և այլնի, ցրված են անցած 25 տարվա պատմության էջերում: Պետք է արձանագրել այդ նույն պատմության համար, որ Հայաստանի անկախությունը հռչակած, պատերազմում փայլուն հաղթանակ տարած և տնտեսական բարեփոխումներում զգալի հաջողությունների հասած իշխանության դեմ 1996-ի սեպտեմբերյան խռովության «ընդդիմադիր» կազմակերպիչներն ու դրան ուղղություն տվողներն իրականում ո՛չ թե խռովության գլխին երևացող գործիքներն էին, այլ «տնտեսական փորձառու մասնագետի» անվան տակ պետական բյուրոկրատիայի և հասարակական կազմակերպությունների մեջ մնացած կամ լցված նախկին կուսնոմենկլատուրայի օձի պես կաշվեփոխված բազմաքանակ կոմռևանշիստները, ԿԳԲ-ական ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, ՀՅԴ-ի վերնախավի չձերբակալված մասը և այլ ռուսամետ հակաանկախական ուժեր: Արդյո՞ք կարելի է այս հիմքի վրա պնդել, թե դա ժողովրդի շահերի համար պայքարող «ընդդիմություն» էր և ոչ թե նախկին կոմնոմենկլատուրայի ռևանշի փորձ: Կամ պնդել, որ այդ «ընդդիմության» կատարածն իրականում հակապետական խռովություն չէր: Ես այդ կարծիքին չեմ: Ընդամենը 16 ամիս անց իրագործված պետական հեղաշրջումը դրա օրգանական շարունակությունն էր: Իսկ ահա 1998-ից սկսած Հայաստանի իշխանության հարցն այլևս Հայաստանում չի լուծվում: Ռուսի համար ներկա իշխանությունը գտածո է Հայաստանում իր ազդեցությունը սփռելու առումով, քանի որ այդ իշխանության համարյա բոլոր հայտնի դեմքերը խոցելի են իրենց անցյալով ու ներկայով և ունեն «տանիքի» մշտական կարիք: Այս պարագայում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները Հայաստանում քաղաքական ռոմանտիկայի բնույթ են ստանում և նույնիսկ ռուսամետ քաղաքական ուժերի մրցակցության մեջ ժողովրդի համակրանքն ունեցող ուժն ի վիճակի չի լինում առարկայավորել իր փաստական հաղթանակը: Դրա օրինակը այն բոլոր համապետական կեղծված ընտրություններն են, որոնք եղել են 1998-ի նախագահական ընտրությունից սկսած: Ահա այն հիմնական պատճառը, որն անհաջողության է մատնում նույնիսկ իրական ընդդիմությանը: Այս իրադրության մեջ ժողովրդին այլ միջոց չի մնում իշխանությունից արագ ազատվելու համար, եթե ոչ ուժային անհնազանդությունը: Այս պարագայում «երկրի անվտանգության մասին մտածելու» իշխանական քարոզչամեքենայի կեղծ հորդորները լումայի արժեք չունեն, քանի որ երկրի և ժողովրդի համար տարբերություն չկա, թե ո՛վ է իրենց Անկախության և Ազատության կործանողն ու սպանողը՝ ներքի՞ն, թե՞ արտաքին թշնամին: Ես դույզն-ինչ կասկած չունեմ, որ արագ ու գրագետ իշխանափոխության իրականացումը կբացառի արտաքին ռազմական միջամտության որևէ լուրջ փորձ: Նույնիսկ՝ Ռուսաստանի, որի ձեռքերն օրեցօր կապկպվում են:
-Օրերս Սահմանադրական դատարանը հաստատեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի լինելը իսկապես «անշրջելի փաստ» է: Այս հարցում ՀԱԿ-ի և իշխանության տեսակետները համընկնում են: Ընդդիմության բոլո՞ր ներկայացուցիչների համար է սա համոզմունք, թե՞ ՀԱԿ-ի ղեկավարությունը դրանով ցանկանում է Ռուսաստանի բարեհաճությանն արժանանալ:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Իմ կարծիքով` Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը վերաբերում է գործընթացին և ո՛չ թե ԵԱՏՄ-ում լինել-չլինելու նպատակահարմարությանը: Կարծում եմ, որ տվյալ դեպքում ՀԱԿ-ի և իշխանության այդ տեսակետները ելակետային առումով նույնական չեն: Իսկ ընդդիմության բոլոր կամ առանձին ներկայացուցիչների անունից խոսելն իմ «լիազորությունների» սահմանից դուրս է, իրենց պետք է հարցնել: Ինչ վերաբերում է Ձեր ասած «Ռուսաստանի բարեհաճությանն արժանանալու» ՀԱԿ-ի ղեկավարության «ցանկությանը», ապա չեմ տեսել, որ ՀԱԿ-ը երբևէ հակվածություն է ցուցադրել «արժանանալու» որևէ օտար երկրի «բարեհաճությանը»: Դա քաղաքական առումով անլուրջ և խոցելի վարքագիծ է և սազական միայն ղարաբաղյան կլանի գործիչներին:
-Այսօր հաճախ է խոսվում այն մասին, թե ԵԱՏՄ-ին միանալով թանկացումների ալիք կլինի: Որպես ՀՀ մաքսային վարչության նախկին ղեկավար, Ձեր դիտարկմամբ, դա որքա՞ն կազդի մեր տնտեսության վրա:
-Հայաստանի մուտքը ԵԱՏՄ նման է գայլի որջում մոլորված ոչխարի հայտնվելուն: Բացի այդ, դա համաշխարհային նշանակալից իրադարձություն է. երբևէ մարդկության պատմության մեջ չտեսնված ու չլսված երևույթ, երբ մաքսային ընդհանուր սահման չունեցող երկիրն ընդգրկվում է օտար երկրով միջնորդավորված ինչ-որ Մաքսային միության մեջ: Եվ այն էլ միջազգային ինչպիսի՛ «բարենպաստ» իրադրության պայմաններում. Ռուսաստանը հակադրվել է միջազգային հանրությանը և նրան հռչակել իր թշնամին, համաշխարհային լարվածությունը հասցրել է կրիտիկական աստիճանի, ինչի պատճառով հայտնվել է միջազգային տարաբնույթ պատժամիջոցների աքցանում և մեկուսացման մեջ: Ահա այս իրադրության մեջ էր, որ «խորաթափանց» Սերժը որոշեց Հայաստանի ապահովությունը վստահել մեկին, որն այսօր քացու տակ ընկած նռռում է և ինքն է կարոտ ուրիշի օգնության:
Ինչ վերաբերում է սպասումներին, ապա Սերժի իշխանությունը բոլոր պայմանները ստեղծել է, որ առաջիկա տարում թանկացումների ալիքներն իրար հաջորդեն: Նշենք դրանցից ընդամենը մի քանիսը՝ հետընթաց սեփական ավելի զարգացած մաքսային համակարգից, օրենսդրական և նորմատիվային քաոս, պատժամիջոցների թվի ընդլայնում, քվոտաների և լիցենզիաների անհիմն ընդլայնումներ, դրանց տրամադրման բարդացումներ, անդամ երկրներից ոմանց խոշոր բիզնեսի համար անհասկանալի արտոնությունների տրամադրում, բյուրոկրատական քաշքշուկների դաշտի կտրուկ ընդլայնում, կոռուպցիոն ռիսկերի մեծացում, փորձված արևմտյան և այլ բիզնես-գործընկերների հետ համագործակցության պայմանների կտրուկ վատթարացումներ, կամավորապես սեփական ուսերին ուրիշի համար նախատեսված միջազգային պատժամիջոցների վերցնելը և այլն, և այլն: Բայց սա հարցի մի կողմն է, իսկ ի՞նչ անել մաքսային արտասահմանային, այն էլ միջազգայնորեն հակադրվող բլոկում և նրա մաքսային գոտում հայտնված Վրաստանի տարածքը հաղթահարելու համար: Այս հարցը, կապված լինելով քաղաքական ազդեցության լծակի հետ, կապված է նաև զգայուն և անկայուն բավականին լուրջ ծախսերի հետ՝ տարանցիկ բեռնաուղևորափոխադրության համար, ճանապարհաշինության համար, բնապահպանության համար, բեռների անվտանգության համար և այլն: Սա թողնված է միայն մեր ուսերին, նույնիսկ ռուսական բազայի բեռների տեղափոխման ծախսերը: Իսկ թե նշված զոհողությունների դիմաց ինչ ենք ստանում, արդեն պարզ է՝ ամբողջապես ոչինչ, մինուս զրո:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ